Միլեն Կարանյան. ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երեխան
Գյումրիում ծնված մոսկվայաբնակ 12-ամյա Միլեն Կարանյանը շարունակում է իր ձայնով ու երգացանկով զարմացնել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներին և ունկնդրներին:
Տարբեր ժանրերում երգող Միլեն Կարանյանն առաջիկայում պատրաստվում է մասնակցել «Բիտվա տալանտով» («Տաղանդների ճակատամարտը») հաղորդաշարին, համերգներով հանդես գալ Մոսկվայում և Հայաստանում:
Միլենը ծնվել ու մեծացել է Գյումրիում, 9 տարեկանից ապրում է Մոսկվայում: Մայրը՝ Հասմիկը, երաժիշտ է, հայրը՝ Արմենը, քանդակագործ և դիզայներ է:
«Առաջին անգամ երգել է 6 տարեկանում: Երաժշտական դպրոց չի հաճախել, ամեն ինչ սովորել և սովորում է ինքնուրույն: Տիրապետում է երաժշտական գրագիտության գրեթե բոլոր կանոններին»,- «Արմենպրես»-ին ասաց Միլենի մայրը՝ Հասմիկ Կարանյանը։ 2019-ի դեկտեմբերի 11-ին, միջազգային ժյուրիի և փորձագետների գնահատմամբ, Միլենը դարձավ Ռուսաստանի և աշխարհի ռեկորդակիր՝ որպես ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երեխա՝ գերազանցելով մինչ այդ եղած ռեկորդը և գրանցվելով ռուսական ռեկորդագրքում: Տարբեր լեզուներով ու ժանրերով ավելի քան 50 համաշխարհային հիթերի շարքում Միլենը ներկայացնում է նաև հայերեն երգեր:
Արմենուհի Մխոյան