
Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը

Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան։ «Բիլլի Այլիշը «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը բեմ կբարձրանա հատուկ ելույթի համար»,- հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:
Հունվարի 26-ին Բիլլի Այլիշը դարձել էGrammy երաժշտական մրցանակի հաղթահերոսը: 18-ամյա երգչուհին հինգ «Գրեմմի» է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի եւ տարվա ձայնագրության («Bad guy»), տարվա ալբոմի եւ տարվա լավագույն փոփ-ալբոմի («When We All Fall Asleep, Where Do We Go?») համար եւ որպես լավագույն սկսնակ արտիստ: Բացի այդ, Այլիշը դարձել է «Գրեմմի»-ի ամենաերիտասարդ դափնեկիրը՝ գերազանցելով այն ռեկորդը, որը 2010 թվականին սահմանել էր Թեյլոր Սվիֆթը:
«Օսկար»-ի մրցանակաբաշխության 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 9-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջոցառումը հեռարձակելու է ABC հեռուստաընկերությունը: Արարողությունը, ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի առանց հիմնական հաղորդավարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: