«Քաղաքական ճաշակներով չի որոշվում դատական իշխանության պաշտոնատար անձի պաշտոնավարելը կամ չպաշտոնավարելը». Արա Զոհրաբյանը՝ վարչապետի գրառման մասին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունը հստակ սահմանել է իշխանության՝ գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի բաժանման և հավասարակշռման սկզբունքը, ինչը նշանակում է, որ գործադիր իշխանությունը չպետք է միջամտի կամ ազդեցություն ունենա դատական իշխանության գործունեության վրա՝ գործադրելով նաև որոշակի ճնշումներ։

«Որքանով հիշում եմ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքը նաև որոշակի սահմանափակումներ էր սահմանել, որ եթե դատավորի նկատմամբ քրեական գործ է քննվում, ապա միջդատական վարույթի գաղտնիության, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ պետք է հարգանքը պահպանվի։ Նույնիսկ այս պայմաններում, երբ այդ գործի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացվում է հանրային հարթակ, ապա պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի և դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հնարավոր ճնշումների հարցը։ Եթե այս ամենը հաշվի չեն առնում, ապա դա կբերի իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի խախտման»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին։

Արա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն անելն առնվազն խնդրահարույց է։

«Քաղաքական ճաշակներով չի որոշվում դատական իշխանության պաշտոնատար անձի պաշտոնավարելը կամ չպաշտոնավարելը։ Դրա համար պետք է սահմանադրական հիմք լինի, և առանց դրա՝ նման հայտարարությունները կարող են առաջացնել իշխանությունների բաժանման սկզբունքի խախտումը»,- եզրափակեց Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել Սահմանադրական դատարանի դատավոր և կապ ունենալ ՍԴ-ի հետ։

Տեսանյութեր

Լրահոս