«Մենք ակնկալում ենք «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության անաչառ քննություն». Ստեփան Դեմիրճյան
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացմանը:
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Գլխավոր դատախազությունը բավարարել էր պահանջը:
«Այս իշխանությունն ունի բավարար քաղաքական կամք՝ բացահայտելու պետության դեմ կատարված հանցագործությունները, կաշկանդված չէ: Մենք ակնկալում ենք «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության անաչառ քննություն: Մենք կհետևենք քննության ընթացքին՝ առայժմ զերծ մնալով գնահատականներ տալուց»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: