«Այդ անձն իրավագիտակցության հետ լուրջ խնդիրներ ունի». Քաղաքագետը՝ վարչապետի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժով և կից գրել. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։
Արձագանքելով վարչապետի գրառմանը, Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ն. Փաշինյանի այս գրառմամբ «գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և Սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադառնալով վարչապետի գրառմանը և անմեղության կանխավարկածին՝ նշեց, որ նման բան կա Նիկոլ Փաշինյանի համարյա բոլոր ելույթներում։
«Այդ անձն իրավագիտակցության հետ լուրջ խնդիրներ ունի։ Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն իրեն դատարանի դերակատարություն է տվել և անգամ ձևի համար չի օգտագործում «մեղադրվում» է եզրը, այլ դատավճիռ է կայացնում և նշում «մեղավորներին»։ Նաև խիստ մտահոգիչ է, որ Հանրային հեռուստաընկերության եթերն օգտագործվում է նման հակաիրավական գործերի համար։ Կարծում եմ՝ այդ հեղինակները ու Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները նույնպես ապագայում պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա՝ նման նախադեպեր արդեն շատ կան: «Հույս ունեմ, որ հաջորդ իշխանությունները նման նախադեպերից չեն օգտվի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իշխանափոխությունից հետո բոլոր նման դեպքերով քրեական գործեր հարուցվեն։
Ինչ վերաբերվում է վարչապետին, ով տարածում է նման նյութը, ապա նա նույնպես այդ ամենի մասնակից է՝ համապատասխան հետևություններով հանդերձ»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։