Բաժիններ՝

Առողջապահության ազգային ինստիտուտը միանում է Հանրապետական գիտաբժշկական գրադարանին

Կառավարության որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կանոնադրական կապիտալը նվազեցվում է և միացվում ԱՆ «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ին:

Ըստ հիմնավորման, «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ը Հայաստանի առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը: Հավաքածուն կազմում է ավելի քան կես միլիոն օրինակ գրականություն: Այն ներառում է էլեկտրոնային և տպագիր բժշկական գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ, տեսալսողական նյութեր: Գրադարանն ունի անհրաժեշտ կադրային ռեսուրսներ:

Գրադարանին անհատույց օգտագործման իրավունքով պատկանում են 723.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը և 24.7 քմ ընդհանուր մակերեսով պարիսպը: Ընդհանուր զբաղեցված հողատարածքը կազմում է 2728 քմ: Գրադարանը գտնվում է Երևան քաղաքի Ռուբինյանց, 29/3 հասցեում:

Գրադարանը հիմնադրվել է 1939 թ. որպես առողջապահության բնագավառի հիմնարար գրադարան: Գրադարանի հիմնական գործառույթներն են բժիշկներին ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով տեղեկատվական ծառայությունների մատուցումը, փաստաթղթերի մշակման և տեղեկատվության որոնման ավտոմատացումը, բժշկական գրադարանների ցանցի համակարգումը, ինչպես նաև բժշկական գրադարանավարների մասնագիտական հմտությունների զարգացումը: Տեղեկատվությունը բժշկական հանրությանն առավել մատչելի դարձնելու նպատակով 1951-ից գրադարանը համակարգում է բժշկական գրադարանների ցանցը, որը ներառում է երկրի բժշկական բարձրագույն և միջին ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների և բժշկական կազմակերպությունների գրադարանները:

Նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի նպատակները հիմնականում կայանում են բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստման, կլինիկական չափորոշիչների, չափորոշավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակման, ներդրման և վերահսկման, առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրման, ազգային զեկույցների պատրաստման, առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրման և շտեմարանի ստեղծման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս