Զինվորին մնացել էր 6 ամիս․ ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զինվորին մնացել էր 6 ամիս, որպեսզի նա ծառայությունը ավարտեր եւ վերադառնար տուն: Զորամասում տարածված լուրերի համաձայն՝ զինվորը, իբր, իրեն կրակել է պայմանագրային զինառայողի զենքով, նաեւ վարկած է քննվում, որ նա զենքի հետ անզգույշ է վարվել, ինչի հետեւանքով էլ կրակել է իրեն: Սակայն նկատենք, որ զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, եւ գործում կան հանգամանքներ, որ մութ են պահվում:
Արդյոք իրավապահները բան են թաքցնում կամ փորձում են կատարվածի մասով կոնկրետ մարդկանց փրկել, ջրից չոր դուրս հանել՝ ցույց կտա քննությունը։ Իսկ մենք կհետեւենք քննության ընթացքին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: