Մենք գործել ենք բաց, թափանցիկ, հաշվետու՝ նախորդ կոռումպացված իշխանությունների օրոք. Լարիսա Մինասյան
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի լրագրողների հետ այսօրվա հանդիպումն ըստ էության նվիրված էր լրատվամիջոցների հրապարակումներին, լրագրողների բարեխղճությանը: Միևնույն ժամանակ նա անդրադարձավ շրջանառվող հարցին, թե ինչպե՞ս են գործել իրենք նախկինների օրոք:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը իր գործունեությունը Հայաստանում սկսել է ծավալել 1997 թվականից: Շարունակել են աշխատել են նախորդ, իրենց բնորոշմամբ՝ կոռումպացված իշխանությունների օրոք, հավատարիմ այն նույն սկզբունքներին, ինչով առաջնորդվում են այսօր՝ թափանցիկ, բաց և հաշվետու:
Կապանում հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց լրագրողի՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործունեության մասին հարցին՝ «եթե այդ կազմակերպությունը վտանգ էր ներկայացնում, ինչո՞ւ նախկին իշխանությունները չեն փակել»: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը համաձայնելով վարչապետի այս կարծիքի հետ, պարզաբանեց նաև, որ նախկին իշխանություններն իրենց «չեն փակել» նենգ պատճառներով: Ավելին, Մինասյանը նաև իր վարկածն ունի:
«Մեր նախկին իշխանությունն ավելի հմուտ էր մոտեցել այդ հարցին: Մի փոքր խումբ հասարակական կազմակերպություններ էր պահվում, ամենախիստ խոսող, հիմնովին քննադատող, համակարգային բնույթի քննադատություն անող, խորքային կոռուպցիոն զավթման հարող, բացահայտող կազմակերպություններին պահում էր մարգինալացված, իրենց կարծելով՝ իմպոտենտ վիճակում ինչ-որ փոփոխություն անելու, ցույց տալով, որ՝ «տեսեք, ո՞վ է ասում, մենք հո Ադրբեջան չե՞նք, տեսեք՝ ով ա այստեղ խոսում, ով ոնց է խոսում»»,- ասաց Մինասյանը:
Լարիսա Մինասյանի խոսքով՝ նախորդ իշխանության հետ բազմիցս փորձել են համագործակցել, բայց չի ստացվել, «համակարգը կա՛մ չի ցանկացել, կա՛մ էլ դիմադրել է»: Ըստ նրա՝ փորձել են համագործակցել Բոլոնյան կրթական համակարգը Հայաստանում ներդնելու, իրավաբանական կլինիկա ստեղծելու, ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսման նոր համակարգ ներդնելու կամ հոգեկան առողջության շուրջ իրենց առաջարկած նոր օրենքի նախագիծ մշակելու հարցերի շուրջ:
«Փորձել ենք համագործակցել, բայց ստացել ենք՝ «լավ, լավ, էս էլ անենք, հա, բայց էս էլ արեք, հա, բայց… և հետո, ա՛յ, այս րոպեին կընդունենք» պատասխանները»,- փոխանցեց Լարիսա Մինասյանը՝ հավելելով, որ մինչ օրս հոգեկան առողջության մասին օրենքի նախագիծն ընդունված չէ, իսկ անհրաժեշտ գումարն այլևս չկա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում