Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը. Սի Ցզինպին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը։
«Ներկայում համաճարակի կանխարգելման հետ կապված իրադրությունը մնում է լուրջ ու բարդ: Ամբողջ բանակը պետք է լսի հրամաններն ու գործի, պատասխանատվությունը վերցնի իր վրա, մահ ու կենաց կռիվ տա եւ ակտիվորեն օգնի համաճարակի կանխարգելման ու հսկողության աշխատանքին»,- Ցզինպինի խոսքը մեջբերել է «Սինհուա» գործակալությունն այն հրամանագրից, որը հասցեագրված է երկրի զինված ուժերին
Նա հավելել է, թե այն փաստը, որ բանակը պատասխանատու է նշանակված կորոնավիրուսով վարակվածների համար կառուցվող մասնագիտացված հիվանդանոցի համար, խոսում է կուսակցության եւ ժողովրդի մեծ վստահության մասին: «Բանակը բոլոր ուժերով պետք է լծվի այդ հոսպիտալում հիվանդների ընդունման աշխատանքին»,- ասել է Սի Ցզինպինը:
Վերջին տվյալների համաձայն Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների քանակն արդեն գերազանցել է 6 հազարը: Նոր տիպի թոքաբորբ է հայտնաբերվել ՉԺՀ-ի գործնականում բոլոր տարածաշրջաններում: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 132-ի: Հայտարարության մեջ նշվում է, որ 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չէ:
Կարանտինում է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ: Ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն է: Չինաստանի մայրաքաղաքում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է102-ի, իսկ Շանհայում՝ 96-ի: Հիվանդացածների թվում 50-ը տղամարդիկ են եւ 46-ը՝ կանայք: Նրանցից 71-ը կա՛մ բնակվել է Հուբեյի նահանգում, կա՛մ էլ ուղեւորություն է կատարել այնտեղ, իսկ մնացած վարակվածները շփում են ունեցել նրանց հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: