Ոստիկանությունն առանց հիմքերի մարդկանց բերման ենթարկեց՝ շոուի շրջանակներում. Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկվա իրավապահների գործողություններին, որի ժամանակ բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» նախաձեռնող խմբի ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանելյանին և այլոց, նշեց, որ Վանաձորում երկար ժամանակ կային խմբեր, որոնք զինված էին և իրավախախտումներ էին կատարում, ամիսներ առաջ այդ խմբերից մեկը ֆիզիկապես ոչնչացավ մյուս խմբի կողմից:

«Երբ ոստիկաններին ասում էինք, որ բոլորդ էլ գիտեք, որ այդ մարդիկ զինված են, հանցագործություններ են կատարում, նաև ապօրինի զենք պահելու կասկածով, ոստիկանությունից պատասխանում էին, թե իրենք բերման են ենթարկում, դատարանն ազատ է արձակում: Հիմա ունենք երեկվա դեպքը, երբ ակնհայտորեն որևէ հիմք չկար, բայց անձին ենթարկում են բերման՝ շոուի շրջանակներում: Հորդորում եմ մեր ոստիկանությանը, որ պահպանեն օրենքը»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր գործողություն պետք է համաչափ լինի, հակառակ դեպքում՝ իրենց մոտ համաչափ կասկածներ են առաջանում:

«Մեզ մոտ այսպիսի տպավորություն է առաջացել, որ ոստիկանությունը չուներ բավարար հիմքեր նման քայլի դիմելու համար՝ նրանց դարձնելով քավության նոխազ, կամ դրանով փորձում էր նրանց ակտիվացնել՝ դարձնելով քաղաքական գործիչ»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս