«ՍԴ խնդիրն այսօր օրհասական չէ». Իվետա Տոնոյան

«Վստահ եմ, որ, եթե ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու «պատվավոր» գործիքակազմն անհաջողության մատնվի, իշխանությունը գործի կդնի այլ գործիքներ: Ցանկացած գործընթաց, կապ չունի՝ այն իրականացվում է իշխանությունների՞, թե՞ Հրայր Թովմասյանի դեմ, պետք է բացառապես իրավական տառին համապատասխան իրականացվի»,- այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Իվետա Տոնոյանի կարծիքով՝ ՍԴ-ի խնդիրն այսօր օրհասական չէ, ավելին՝ նա հեռու է այն մտքից, որ ՍԴ-ն օր առաջ պետք է լուծվի:

«Չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի խնդիրն այսօր օրհասական է մեր երկրի համար, որ մեր իշխանությունների ամբողջ ներուժն ու պոտենցիալը կենտրոնացրել են այս խնդրի լուծման վրա»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե խախտվում է անմեղության կանխավարկածը, Տոնոյանը նշեց․ «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անմեղության կանխավարկածի իրավական ձևակերպումը որոշակի լղոզվածություն ունի։ Սակայն երկրի առաջին դեմքի կողմից, երբ այս կամ այն գործընթացի հետ կապված հնչում են գնահատականներ, տրվում են մանրամասներ, ապա կա նուրբ սահման, որը պետք է պահել»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս