ԲՀԿ-ի համար հայտնի գրիչի պատմության մեջ բացարձակ քաղաքական բովանդակություն չկար. Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ խորհրարանական քառօրյայի ավարտին ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «քուանշ» հայտարարեց Գևորգ Պետրոսյանին, ԲՀԿ-ն Ա. Սիմոնյանին հորդորեց, որ ինչ ջանասիրությամբ վերջինս ուսումնասիրում է Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջը, նույն ջանասիրությամբ էլ պետք է ուսումնասիր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները:
«Գագիկ Ծառուկյանն այդ ամենից երկու օր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խորհրդարանը ոչ թե պետք է ցրեն, այլ կառուցողական աշխատեն: Ուստի ամեն ինչ կարող ենք փակված համարել, քանի որ որևէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել վերջնագրերի լեզվով: Դա մեր գործելաոճը չէ, և կարծում եմ՝ բավարար չափով այս հարցի պատասխանը տվել ենք»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտնի գրիչի պատմությանը, Իվետա Տոնոյանը վերահաստատեց Գագիկ Ծառուկյանի այն խոսքերը, որ ԲՀԿ-ի համար այդ գրիչի պատմության մեջ բացարձակ քաղաքական բովանդակություն չկար:
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ հավելեց, որ, երբ քաղաքական դաշտը վերածվում է թղթախաղային տեմինոլոգիայի, ինչն արեց Ալեն Սիմոնյանը, ապա այն գուցե լավ է հնչում, սակայն արդյունավետ չէ:
«Եթե այդպես է, բլոտային տեմինոլոգիա են բերում, ապա խորհուրդ կտայի դրա փոխարեն՝ գոնե պոկեր խաղային, այն ավելի հետաքրքիր է: Այստեղ մեկնաբանելու բան չկա»,- նշեց Արման Աբովյանը:
Անդրադառնալով գրիչի պատմությանը՝ պատգամավորը նկատեց, որ, եթե ինչ-որ հարց են քննարկում, ապա այն պետք է քննարկեն խորքային ու բովանդակային, եթե այնտեղ քաղաքական բովանդակություն չկա, ապա քննարկելու և կարծիք հայտնելու կարիք չկա:
«Մենք պետք է աշխատենք այն դաշտում, որը մեզ վստահված է, ավելի կոռեկտ կլինի՝ քծնանքի մասին հարցերը տաք անձամբ վարչապետին»,- շեշտեց նա: