«Լավ, անձին փոխեցիք, բայց համակարգը մնում է, չէ՞, անաշխատունակ վիճակում». Տարոն Սիմոնյանը՝ ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Սա հեղափոխությունից հետո առաջին լուրջ դեպքն էր, որը սահմանափակեց ընդդիմության՝ օրենքներով ամրագրված իրավունքները, որ խախտվում են քաղաքական մեծամասնության կողմից՝ պաշտպանելու իրենց թիմակցի հնարավոր զանցանքը։ Առաջին անգամ մեր իշխանությունը ցուցաբերեց ոչ ժողովրդավարական գործելաոճ՝ հանուն իր թիմակցին պաշտպանելու»,- այս մասին այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի մերժմանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ հեղափոխությունից անցել է մոտ երկու տարի, բայց հասարակության՝ իշխանությունից ունեցած սպասումները դեռևս չեն արդարացել։
«Բոլոր ոլորտներում խոստացել են բարեփոխումներ, սակայն այդ ռեֆորմների փոխարեն՝ մենք տեսնում ենք պայքար հների դեմ, ինչը դրսևորվում է տարբեր ձևերով։ Կարծում եմ՝ ՍԴ-ի հետ կապված պայքարն ուշացած է, իսկ մենք իրական ռեֆորմների ենք հիմա կարոտ։ Իշխանությունը ռեֆորմները թողած՝ ռեսուրսները կենտրոնացրել է միայն ՍԴ-ի վրա»,- նշեց պատգամավորը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Տարոն Սիմոնյանը, ընդգծեց, որ իրենց համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է անդրադառնում միայն ՍԴ-ին, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ համընդհանուր անվստահությանը։
«Շատ դեպքերում մեր դատական համակարգը չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական համակարգը՝ սկսած Առաջին ատյանին դատարանից, վերջացրած ԲԴԽ-ով։ Այս հսկայական խնդիրը մոռանալ ու մեկ անձի շուրջ կենտրոնանալը սխալ մոտեցում է, որը ոչ մի տեղ չի տանելու։ Եթե սա դիտավորությամբ է արվում, մտածելու բան ունեն։ Իշխանության մեկ թևն իրավունք չունի ճնշելու մյուս թևին։ Եթե զսպումները դուրս են գալիս Սահմանադրության շրջանակներից, ապա, այո՛, այստեղ մենք խնդիր տեսնում ենք, այո՛, ճնշում առկա է։ Լավ, անձին փոխեցիք, բայց համակարգը մնում է, չէ:, անաշխատունակ վիճակում», – եզրափակեց Տարոն Սիմոնյանը։