Կրակոցներ Երևանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ, չկրակված փամփուշտներ և ատրճանակ
Երեւանում հունվարի 28-ին կրակոցներ են հնչել. ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, եւ չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների հետեւանքով վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետեւանքով տուժածներ կան, թե ոչ: Մի քանի օպերատիվ խմբեր էլ մեկնել են հիվանդանոցներ, պարզելու համար վիրավորներ հիվանդանոցներ տեղափոխվել են թե ոչ:
Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: