Բաժիններ՝

«Պահանջում ենք կառուցել վերնանցում կամ տեղադրել լուսացույց». Երևանի երկու դպրոցների ուսուցիչներ և ծնողներ

Հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է։

Հետագա վթարներից խուսափելու համար 52 և 158 դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողները և տեղի բնակիչները պահանջում են հարցի շուտափույթ լուծում:

«Պահանջում ենք, որպեսզի վերնանցում կառուցեն կամ լուսացույց տեղադրեն: Այստեղ բավականին շատ են  վրաերթի դեպքեր գրանցվում: Խնդրի հետ կապված՝ բազմիցս դիմել ենք Քաղաքապետարան, սակայն մերժում ենք ստացել: Մենք հունվարի 29-ին կազմակերպելու ենք բողոքի ակցիա, զուգահեռ շարունակվելու է նաև ստորագրահավաքը, որին  մասնակցել են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, բնակիչներ: Արդեն հավաքել ենք 987 ստորագրություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  բողոքի ակցիայի նախաձեռնողներից Էլեն Գալոյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայտարարվել է փողոցները «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային համակարգերով կահավորելու մրցույթ:

«Քաղաքապետարանն արդեն իսկ հայտարարել է 26 լուսացույցերի նախագծման մրցույթ։ 11 լուսացույց էլ կտեղադրվի արդեն մոտակա օրերին, քանի որ գնման ընթացակարգն ավարտվել է: Տեղեկացնեմ, որ լուսացույցերի տեղադրման պարտականությունը ոստիկանությանն է»,- ասաց Հովսեփ Կուբատյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս