«Սու-30-ի և ՏՈՐ-Մ2ԿՄ-ի առկայությունը հակառակորդին ստիպելու է որոշակի գործողություններից առաջ այդ ուղղությամբ մտածել». Արամ Սարգսյան
Մեզանից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է փորձի պաշտպանել մեր բանակը, փորձի օգնել, որ այնտեղ եղած թերությունները վերացվեն, փորձի հետ նայելով՝ շտկել նախկին եղած սխալները, որ ունենանք ավելի հզոր, ընկալելի և ժամանակակից բանակ, որպեսզի պատերազմի դեպքում հնարավորինս առանց զոհերի հաղթանակ ունենանք:
Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Ինձ շատ ուրախացնում է սպառազինությունների մրցավազքի այս ընթացքում նոր զենքերի և զինատեսակների գնումը: Ես նկատի ունեմ Սու-30-ը, ՏՈՐ համակարգերը, որոնք վերջին շրջանում գնեց հայկական բանակը: Հավատացեք, որ դրանք բավականին լուրջ զենքեր են, և հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ՝ այդ ուղղությամբ մտածելու է»,- նշեց նա:
Արամ Սարգսյանին բավարարում է նաև զորակոչի գործընթացը:
«Պիտի ասեմ, որ, եթե նախկինում ինչ-որ զինվորականի մոտ ընկնելու, բանակից ազատվելու խնդիրները հովանավորչությամբ կամ կաշառքի, կոռուպցիոն մեթոդներով հնարավոր էին, հիմա՝ գրեթե անհնարին»,- վստահեցրեց Արամ Սարգսյանը: