
Բժիշկն 8 ժամ արյունաքամ եղող ծննդկանին հիվանդանոց է տարել և փրկել նրա կյանքը

Հնդկաստանի Օդիշայի (Օրիսա) նահանգում երիտասարդ բժիշկը եւ նրա ասիստենտներն ութ ժամ պատգարակով տարել են հիվանդ կնոջը եւ փրկել նրա կյանքը: Այդ մասին հաղորդել է Newsflare-ը: Ռադխեշյամ Ջենան Օդիշայի հարավ – արեւելքի հեռավոր լեռնային գյուղ էր գնացել երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար:
Նա անսպասելիորեն ծանր ծննդաբերության է հանդիպել, որ սկսվել էր տեղացի բնակչուհիներից մեկի մոտ: Կինը հղի էր երկվորյակներով, բայց լույս աշխարհ է եկել միայն մի երեխան: Արնահոսության պատճառով նրա վիճակը վատացել է, եւ Ջենան հասկացել է, որ ծննդկանին կարող են օգնել միայն հիվանդանոցում: Մինչեւ մերձակա հիվանդանոցը եղել է շուրջ 30 կիլոմետր լեռնային տեղանքով, որտեղ ճանապարհներ չկան, որոնք հարմար լինեն շտապ օգնության ավտոմեքենաների համար:
Կնոջն ստիպված տարել են պատգարակով: Ջենային օգնել են վեց ասիստենտները եւ ծննդկանի երկու հարազատները: Բժիշկները չեն կարողացել օգնել երկրորդ երեխային, որը մահացած է ծնվել, բայց հասցրել են փրկել կնոջը: Այժմ նրա առողջությանը վտանգ չի սպառնում: