
Սեմ Մենդեսն ստացել է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր պարգևը

Սեմ Մենդեսն ստացել է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի պարգեւը գլխավոր անվանակարգում: Այդ մասին հայտարարվել է լույս հունվարի 26-ի գիշերը Լոս-Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) այդ պարգեւի հանձնման արարողությանը: Մենդեսն այդ պարգեւն ստացել է «լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում «1917» կինոնկարի վրա կատարած աշխատանքի համար, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երկու զինվորի ճակատագրի մասին, որոնց հանձնարարված է մահացու վտանգավոր առաքելություն:
Ավելի վաղ Մենդեսը «Ոսկե գլոբուս» էր ստացել նույն այդ անվանակարգում: Այս անվանակարգում պարգեւի համար պայքարում էին նաեւ Պոն Չժուն Հոն («Մակաբույծներ»), Մարտին Սքորսեզեն («Իռլանդացին») Քվենտին Տարանտինոն («Մի անգամ… Հոլիվուդում») եւ Տայկա Վայտիտին (Ջոջո ճագարը»): Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար պարգեւն ստացել է Սթիվեն Բոգնարը Օհայոյի նահանգից՝ «Ամերիկյան ֆաբրիկա» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Պարգեւին հավակնում էին նաեւ «Քարանձավ», «Կույսը», «Մեղրի երկիրը» եւ «Մեկ երեխայի ազգը» ժապավենների ստեղծողները:
ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխությունը կայացել է 72-րդ անգամ: Հաղթողներն ավանդաբար ստանում են ռեժիսորական աթոռի տեսքով արձանիկ: Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակի դափնեկիրները, շատ հազվադեպ բացառությամբ, նաեւ «Օսկար»-ի դափնեկիրներ են դարձել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: