Իսրայելը հավերժ կհիշի՝ ով է ազատագրել Օսվենցիմը. Նաթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 23-ին բլոկադայի ենթարկված Լենինգրադի բնակիչների ու պաշտպանների «Հիշատակի մոմ» հուշարձանի բացմանն ընդգծել է, որ հրեական պետությունը միշտ հիշելու է, որ հենց Կարմիր բանակի զինվորներն են ազատագրել Օսվենցիմը։
«Հենց Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը, եւ մենք միշտ դա հիշելու ենք»,-ասել է Իսրայելի վարչապետն այն արարողության ժամանակ, որին մասնակցել են նաեւ ՌԴ-ի եւ Իսրայելի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեուվեն Ռիվլինը:
Նաթանյահուն նշել է, որ Երուսաղեմում «բլոկադայի ենթարկված մարդկանց սխրագործության հուշարձանը «խոսում է ընդհանրական լեզվով՝ հայրենիքի նկատմամբ սիրո լեզվով, անձնազոհության, անդուլ պայքարի եւ հաղթանակի լեզվով»:
Վարչապետը նշել է, որ մեր օրերում, «ի տարբերություն այն բանի, ինչ եղավ Հոլոքոստի ժամանակներում, հրեական ժողովուրդն ունի ուժեղ պետություն»: «Մենք պետք է կանգնենք միասին, որպեսզի պաշտպանենք մեր անվտանգությունն ու մեր ապագան»,-շարունակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: