Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, 2020 թվականի հունվարի 8-ին ՀՅԴ-ն դատական հայց էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելը և զրպարտության համար փոխհատուցում վճարելն է:

Մեզ հետ զրույցում ՀՅԴ շահերի պաշտպան, փաստաբան Հայկուհի Սեդրակյանն ասել էր, որ դիմումի հիմքում ընկած է Արման Բաբաջանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ: Իսկ հետո, երբ տեղեկացել էր իր դեմ եղած դատական հայցի մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՀՅԴ կուսակցության հայցը կապված է այն ելույթի հետ, որտեղ՝ անդրադառնալով «Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն առաջնորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններից՝ մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր»:

Բաբաջանյանը նաև նշել էր, որ, եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իր դեմ դատական հայց է ներկայացնում, ապա պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ Բաբաջանյանը խոստանում է ներկայացնել նաև իր ասածներն ապացուցող փաստարկներ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը, ում մակագրվել էր գործը, որոշում է կայացրել այն վարույթ ընդունելու մասին:

Datalex.am կայքից տեղեկանում ենք, որ դատավոր Ավագ Գաբրիելյանը քննության է առել հայցադիմում, փաստել, որ հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, և որոշել է հայցը վարույթ ընդունել և նախապատրաստվել դատաքննության:

Դեռ հայտնի չէ, թե առաջին դատական նիստը երբ է տեղի ունենալու, այդուհանդերձ գործը վարույթ ընդունվելու որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Տեսանյութեր

Լրահոս