Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ, որը նաև Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։
Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմությամբ հիշելով շուրջ երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցը՝ Իզաբել Մորեն նշել է, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն։
Հանրապետության նախագահը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-շվեյցարական հարաբերությունների օրակարգին, կարևորել են ակտիվ միջխորհրդարանական համագործակցության դերը, ինչպես նաև մտքեր փոխանակել նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։