«Եթե մարդիկ բիզնես են հիմնել, ապա այդ շղթայից չպետք է դուրս մնան». Պատգամավորը՝ սպանդանոցների դեմ բողոքի ակցիաների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի փոխանցմամբ՝ սպանդանոցների վերաբերյալ ֆերմերների և մսավաճառների բողոքները քննարկել են և եզրահանգել, որ Կառավարությանն առաջարկություն ներկայացնեն, որպեսզի ստեղծվեն շարժական սպանդանոցներ։
«Այն մսավաճառները, որոնք այս պահին զբաղվում են այդ գործով, հնարավորություն ունենան իրենց աշխատանքն այլ ձևաչափով՝ մոբիլ սպանդանոցների միջոցով շարունակեն բիզնեսը։ Եթե կլինեն մարզեր, որտեղ մոբիլ սպանդանոցները էֆեկտիվ չեն աշխատի, և անհրաժեշտ կլինի սպանդանոցներ ստեղծել, ապա դրանք կկառուցվեն պետության սուբսիդավորմամբ, մինչև հետագայում հանձնվեն մասնավորին:
Այս իրավիճակում, երբ մի շարք խնդիրներ են առաջացել, մսի վաճառքի համար փաստաթղթի 5-րդ ձև չպահանջեն, այսինքն՝ տալ ժամանակավոր լուծում, մինչև մարդիկ կարողանան իրենց մորթն իրականացնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վաղն արդեն առաջարկների փաթեթը կտրամադրեն կառավարությանը, և, ամենայն հավանականությամբ, վաղը ԱԺ-ում հարցուպատասխանից առաջ Կառավարությունը կառաջարկի լուծումներ: Ռուստամ Բաքոյանի վկայությամբ, այսօր գործող սպանդանոցներում կան մի շարք խնդիրներ, ուստի այդ վայրերում ոչ միայն պետք է բարելավվեն սանիտարահիգիենիկ պայմանները, այլև պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանց նկատմամբ բարձրացնեն հանրության վստահությունը։
«Հիմա պատրաստվում ենք այցելել Արարատի մարզ, մարզպետարանում, որտեղ մեզ սպասում են մարզի բնակիչները, այն լուծումները, որոնք առաջարկելու ենք Կառավարությանը, ներկայացնելու ենք ֆերմերներին, և եթե կան՝ մսավաճառներին: Եթե մարդիկ բիզնես են հիմնել, ապա այդ շղթայից չպետք է դուրս մնան»,- ընդգծեց պատգամավորը։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրեց, որ այս պահին շուրջ 39 սպանդանոց կա, որոնցից շատերի աշխատանքը տարբեր պատճառներով կանգնած է։