ԱՀԿ-ն արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այդ մասին ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին: «Կոմիտեն չորեքշաբթի օրը՝ հունվարի 22-ին, հանդիպում կանցկացնի Ժնեւում՝ պարզելու՝ բռնկումն արդյոք իրենց արտակարգ դրություն է ներկայացնում միջազգային մասշտաբի հասարակական առողջապահության բնագավառում»,-նշվում է փաստաթղթում:
Ինչպես հունվարի 21-ին Պեկինում կայացած բրիֆինգում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, Չինաստանը կմասնակցի ԱՀԿ-ի արտահերթ հանդիպմանը: «Չինաստանը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ աշխատել միջազգային հանրակցության հետ վիրուսի դեմ պայքարելու եւ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հասնելու համար»,-նշել է դիվանագետը: Մինչդեռ Չինաստանում շարունակում է ավելանալ այն անձանց թիվը, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կողմից հունվարի 21-ին տարածված տվյալներով՝ նրանց թիվը հասել է 291-ի: Նրա տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում 77 նոր դեպք է գրանցվել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի նահանգում, Պեկինում եւ Շանհայում: Եվս ինը տարածաշրջաններում բացահայտվել է 27 հոգի՝ նոր տիպի թոքաբորբի կասկածանքով: Հրապարակված վիճակագրության համաձայն, ներկայում վարակվածների մեծամասնությունը (270 մարդ) գտնվում է Ուհանում, որտեղից սկսվել է հիվանդության տարածումը: Հինգ բնակիչ հոսպիտալացվածէ Չինաստանի մայրաքաղաքում, 14 մարդ՝ Գուանդունի հարավային նահանգում, երկուսը՝ Շանհայում: Եվս 14 տարածաշրջանում իշխանությունները կարանտինի են ենթարկել կասկածի տակ գտնվող 54 անձանց, որոնց մոտ հայտնաբերվել են թոքաբորբի նմանվող ախտանիշեր: Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել է վեցի: Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը եւ կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաեւ գլխացավերի եւ տենդի հայտնվելը, որը կարող է տեւել մի քանի օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ հարկ է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:
«Ընդամենն աշխարհում արձանագրվել է 2019-nCoV-ի 278 հաստատված դեպք, որոնց մասին ստացվել են պաշտոնական հաղորդումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ «այդ թվերն արագորեն փոխվում են»: Չորս դեպք է արձանագրվել Չինաստանի սահմաններից դուրս՝ երկուսը՝ Թաիլանդում, մեկը՝ Ճապոնիայում եւ մեկը՝ Կորեայի Հանրապետությունում: «Հարկ է սպասել նոր դեպքերի Չինաստանի այլ շրջաններում եւ, հնարավոր է, այլ պետություններում», արձանագրել է պաշտոնական ներկայացուցիչը: Նա հայտնել է, որ Չինաստանի Ուհան քաղաքում է գտնվում ԱՀԿ-ի առաքելությունը: Այն հանդիպել է առողջապահության ոլորտի մասնագետների եւ պաշտոնատար անձանց հետ, որոնք «հետաքննություններ են կատարում հիվանդության բռնկման կապակցույթամբ»: «Այդ առաքելությունը Չինաստանի կառավարության եւ ԱՀԿ-ի միջեւ տեղեկատվության փոխանակման՝ ներկայիս գործընթացի բաղկացուցիչ մասն է»,- պարզաբանել է Յազարեւիչը: Նա ընդգծել է, որ 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ «դեռ շատ բան կա պարզելու»: «Բավականաչափ հայտնի չէ, թե ինչպես է այն փոխանցվում, բավարար տեղեկություններ չկան հիվանդության կլինիկական բնութագրի, դրա ծանրության եւ տարածման աստիճանի կամ աղբյուրների մասին»,- նշել է պաշտոնական ներկայացուցիչը:- ԱՀԿ-ն բոոր կողմերին կոչ է անում շարունակել նախապատրաստական միջոցառումները»: