««Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ կապված մտավախություններ ունի». Անի Սամսոնյան

ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը համոզված էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ադեկվատ վարքագիծ  կդրսևորեն Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, շինարարության թույլտվությունների տրամադրման իրավաչափությունն ուսումնասիրելու քննիչ հանձնաժողով ձևավորելու առնչությամբ։

«Անընդհատ խոսում են, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, պայքարում են բոլոր մակարդակներում, ուստի կարծում էի, որ այս համատեքստում նրանք կփորձեն չխոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, որպեսզի մենք քննարկենք այն հարցերը, որոնք մենք բարձրացրել ենք։ Նորից եմ ուզում հիշեցնել, որ Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև կայացած գործարքների շուրջ ողջամիտ կասկածներ հայտնել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր շատ զարմանալիորեն մեր գործընկերները հարցերի ու ելույթների տարափով նսեմացրեցին քննիչ հանձնաժողովի գործունեության օրինականությունը։ Փորձեցին նաև մտնել անձնական դաշտ, ինչի համար ստացան նաև պատասխաններ»,- այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Անի Սամսոնյանի կարծիքով՝ իշխանական պատգամավորների նման պահվածքը վկայում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ունի վախեր։

«Ունի վախեր երկու պատճառով՝ նախ՝ խայտառակ կլինի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, որովհետև չի կատարել իր վերահսկողության գործառույթները։ Երկրորդը՝ կարող էինք բացահայտել այնպիսի պատճառահետևանքային կապեր, որոնք կարող էին հեղինակազրկել Երևանի քաղաքապետարանը և ավագանին՝ որպես ինստիտուտ»,- շեշտեց Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում էր վերը նշված թեման ուսումնասիրելու համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որի համար դեռևս դեկտեմբերին ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններից մի շարք պատգամավորներ դիմել էին ԱԺ նախագահ Արարատ Միզոյանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս