Իսպանիայի իշխանությունները արտակարգ կլիմայական իրադրություն են հայտարարել
Իսպանիայի իշխանությունները հունվարի 21-ին հավանություն են տվել երկրում արտակարգ կլիմայական իրադրության վերաբերյալ հռչակագրի հաստատման համաձայնագրին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության փոխնախագահ, էկոլոգիական անցման եւ ժողովրդագրական մարտահրավերի նախարար Տերեսա Ռիբերան։
Այդ նախաձեռնությունը նախարարների կաբինետի օրակարգում էր գտնվում անցյալ տարվա սեպտեմբերից: Արտակարգ կլիմայական իրադրության հայտարարումն իրենից յուրատեսակ հռչակագիր է ներկայացնում քաղաքական մտադրությունների վերաբերյալ եւ որոշում է այն ուղին, որով Իսպանիան պետք է ընթանա ապակարբոնիզացիայի, արտանետումների կրճատման եւ կլիմայի փոփոխման հետեւանքների դեմ պայքարելու համար: «Մենք հաստատեցինք արտակարգ կլիմայական իրադրության վերաբերյալ հռչակագիրը»,-նշել է Ռիբերան:
Ինչպես նշել են երկրի նախարարների կաբինետում, այդ քայլի նպատակը «էկոլոգիական անցմանն օժանդակելն է պետական քաղաքականության միջոցով, որի համար ամենակարեւորը
թագավորության հպատակներն են»: Սպասվում է, որ առաջին հինգ միջոցները կընդունվեն արդեն հարյուր օրվա ընթացքում:
El Diario թերթի տվյալներով՝ երկրի իշխանությունների որոշման շրջանակում Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) պարտավոր կլինի քննարկել կլիմայական փոփոխության մասին օրենքը: Նպատակն այն է, որ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկվեն մինչեւ 2030 թվականը արտանետումների կրճատման հասնելու համար, որպեսզի կլիմայական չեզոքություն ձեռք բերվի 2050 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: