«Կողմ ենք ցանկացած խստացման». Արծրուն Հովհաննիսյանը՝ Տիգրան Աբրահամյանի առաջարկի մասին
ՀՀ ՊՆ-ում կողմ են Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի առաջարկին՝ կապված զինծառայողների՝ հեռախոսի օգտագործման կարգի խախտումների դեպքում խստացումների հետ:
«Կողմ ենք ցանկացած խստացման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Աբրահամյանը, մասնավորապես, նշել էր. «Սմարթֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան, զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարթֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին:
Անհատական հեռախոսների կրման հետ կապված կարգը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բավականին բարդ է վերահսկել, իսկ սմարթֆոնների գործածությունն էապես մեծացնում է առանց այդ էլ առկա սպառնալիքները: Այս հարցը, անվտանգության առումով, շատ կարևոր եմ համարում, և անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի սահմանված կարգը մի կողմից մատչելի լինի, մյուս կողմից` հեռախոսների օգտագործման կարգի խախտումները կտրուկ խստացվի: Չթույլատրվող սմարթֆոնների դեպքում, առավել ևս, կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը»: