Ոստիկանությունում դեռ չեն ավարտել անպարկեշտ արտահայտություններ թույլ տված աշխատակցի նկատմամբ ծառայողական քննությունը
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության շարքերում կան աշխատակիցներ, ովքեր ոչ միայն քաղաքական զսպվածություն չեն ցուցաբերում իրենց հրապարակային գրառումներում, այլև սպառնում են ՀՀ բարձրաստիճան գործող պաշտոնյային:
Այսպես՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ ողբերգական մահվան լուրն առնելուն պես դեպքի վայր շտապած վերջինիս ընկերը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հեկեկում էր մուտքի մոտ, ու այդ տեսանյութը որոշ շրջանակների համար տարատեսակ շահարկումների, ծաղրի ու սպառնալիքի առիթ ու թեմա դարձավ:
Օրինակ՝ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մեկ այլ օգտատիրոջ՝ ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյան անվամբ մեկի գրառման պատկերը, որում վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ հաջորդն ինքն է լինելու:
168.am-ի հարցին էլ ոստիկանությունից պատասխանել էին, թե ծառայողական քննություն է սկսվել Ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանի հանձնարարությամբ:
Այսօր ցանկացանք հասկանալ, թե չի՞ ավարտվել արդյոք ծառայողական քննությունը, և ի՞նչ արդյունքներ կան, այլ կերպ ասած՝ ի՞նչ որոշում է կայացվել իրեն անպարկեշտ արտահայտություններ թույլ տված ոստիկանի վերաբերյալ:
Ոստիկանությունից, սակայն, ասացին, որ ծառայողական քննությունը դեռ շարունակվում է, և, որ արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Զարմանալի է իրականում, թե այսքան երկար ի՞նչ են քննում ոստիկանությունում, մարդու անունը կա, գրառումը՝ նույնպես: Իսկ գուցե դեռ այդ աշխատակցի՞ն են փնտրում: