Ամերիկյան ներդրողը ցանկանում է ֆինանսավորել Ստամբուլի ջրանցքի կառուցումը
Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ դարձած Ստամբուլի ջրանցքի կառուցումը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան խոշորագույն ներդրումային ֆոնդերից մեկը՝ «Money Maker Management»-ը:
ԱՄՆ-ում մեծությամբ 7-րդ այդ ֆոնդն արդեն գրասենյակ է բացել Թուրքիայում: Հաղորդվում է, որ կազմակերպությունն ավելի շատ կենտրոնանում պետության աջակցությամբ իրականացվող հասարակական նախագծերի ֆինանսավորման վրա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ կազմակերպության փոխնախագահ Բասսամ Ռաշհիդին հայտարարել է, որ իրենք հետաքրքրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կրկին օրակարգ բերված Ստամբուլի ջրանցքի նախագծով ու այն ֆինանսավորելու հայտ են ներկայացրել:
Կազմակերպության փոխանախագահը նշել է նաև, որ իրենք պատրաստ են իրենց վրա վերցնել ոչ միայն ջրանցքի, այլև դրա հետ կապված բոլոր ենթակառուցվածքների, մասնավորապես նախագծում ներառված կամուրջների և թունելների շինարարության ֆինանսավորումը: Ռաշհիդին նշել է, որ իրենք գումարը շատ ցածր տոկոսադրույքներով են տրամադրում և վճարումները պահանջում են միայն նախագծի իրականացման ավարտից հետո:
Տեղեկություներ, սակայն, չի հաղորդվում, թե արդյոք բանակցություններ ընթանում են կողմերի միջև: Պատճառաբանությունն այն է, որ դա կոմերցիոն գաղտնիք է:
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 15-ին Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեթ Արսլանը ներկայացրել էր Ստամբուլի ջրանցքի նոր երթուղին, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ և դրա պես իրար է կապելու Սև և Մարմարա ծովերը:
Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ:
Թուրքիայի հարևան երկրներում, սակայն, մտավախություններ կան, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո այդ երկիրը կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։