«Գալիս է մեծ տնտեսական դեպրեսիա, մենք խոցելի վիճակում ենք հայտնվելու». Ադիբեկյան

«Մասնագետները կարծում են, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել նախկին Սովետական Միությունը՝ մի քիչ այլ պայմաններում: Երբ նայում ենք Ռուսաստան-Բելառուս հարաբերություններին, ապա Բելառուսի Հանրապետությունն ասում է՝ եթե միասնական երկիր ենք, ապա գները պետք է լինեն նույնը: Նույն, ներքին գնով գնում է Ռուսաստանից, իսկ այլ երկրների վաճառում է միջազգային գնով, այսինքն՝ տարին մի քանի միլիարդ դոլար հենց այնպես աշխատում է»,- այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է օժանդակի, որպեսզի արևային էներգիայով տները տաքացնեն:

«Միջազգային արժութային հիմնադրամի տնօրենը հայտարարել է, որ գալիս է մեծ տնտեսական դեպրեսիա, մենք խոցելի վիճակում ենք հայտնվելու»,- նշեց սոցիոլոգը:

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանի կարծիքով՝ գազի գինը բարձրանում է հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին:

«Ռուսական կողմը Հայաստանին վստահելի գործընկեր չի համարում, չի տեսնում մարդկանց, որոնց հետ կարելի է քաղաքական առևտուր անել և հստակ տեսլական ունենալ: Կարելի է ասել՝ գազի գինը ռուսական կողմի որոշակի պատժամիջոցներից է՝ արտաքին քաղաքական կուրսին չտիրապետելու հետ կապված: Ամբողջ աշխարհում գազի գինը քաղաքական առևտրի բաղկացուցիչ մաս է»,- ընդգծեց Նարեկ Մանթաշյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս