«Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ շատ ճանապարհ ունի անցնելու». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ Հայաստանում ատելության մթնոլորտի վերաբերյալ, նշեց, որ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ շատ ճանապարհ ունի անցնելու։

Հարցին՝ նրան մրցակից համարո՞ւմ են քաղաքական դաշտում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ցավոք, այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որևէ լուրջ մրցակից այսօրվա իշխանությանը չեմ տեսնում, քանի որ նրանք տարբեր ձևով կապված են լինում նախկին իշխանությունների հետ, ինչը լուրջ և խոցելի բան է: Եկեք սպասենք, թող Արթուր Վանեցյանը ասի, որ ինքը քաղաքական գործիչ է, մտնում է քաղաքականություն և ասում, որ սատարում է «Իմ քայլը» խմբակցությանը և Նիկոլ Փաշինյանին: Չեմ բացառում, որ ստեղծվի մեկ այլ կուսակցություն և նույնպես սատարի իշխող կուսակցությանն ու վարչապետին»։

Ինչ վերաբերում է ընդհանուր ատելության մթնոլորտին, Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ խոսքը չի ուղղում Արթուր Վանեցյանին կամ որևէ մեկին, սակայն ատելության խոսք տարածում են այդ մարդիկ, որոնք ատում են հեղափոխությունը ու հեղափոխություն կատարածներին.

«Որովհետև այդ հեղափոխությունից հետո իրենց կյանքը կտրուկ փոխվել է՝ փոխվել են իրենց մենաշնորհները, «ախրաննիկների» քանակը, իրենց հնարավորությունները ՀՀ-ում։ «Իմ քայլը» դաշինքը, ՀՀ իշխանություններն ու քաղաքացիները ոչ մեկին չեն ատում ու ատելության խոսք չունեն»։

Նա նաև ընդգծեց, որ ատելության խոսքի մասին խոսողները պետք է նշեն, որ իրենք հենց իրենց մասին են խոսում․ «Ատելության խոսք միայն իրենց մեջ կա, մենք մարդ չունենք ատելու»:

Տեսանյութեր

Լրահոս