«Չեն կարողանալու բացատրել՝ ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ գազը չի թանկացել, չի թանկանալու, իսկ օրերս հաստատվեց, որ սահմանին, այնուամենայնիվ, գազը թանկացել է». Կոնստանտին Տեր-Նակալյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ երկրում առկա մթնոլորտը, որը, իր բնորոշմամբ՝ սարսափելի է, կարելի է վերացնել երկխոսության միջոցով:
«Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին, ապա մահացել է երիտասարդ, ընտանիքի հայր: Իսկ սոցիալական ցանցերում առկա հայհոյախառն մթնոլորտը, որը ձևավորում է բազմահազարանոց ֆեյքերի բանակներ՝ երկկողմանի է և անընդունելի: Կարծում եմ, որ գոնե ինչ-որ հարցի շուրջ պետք է նստել կլոր սեղանի շուրջ և գծել խաղի կանոններ: Հասկանում եմ, որ քաղաքական պայքար է, բայց չեմ հասկանում, երբ հայը հային կարող է տրորել, հայհոյել, առավել ևս՝ սպանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Քոչարյանը:
«Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի կարծիքով՝ ատելության միջավայրը դիտավորյալ է ստեղծվել, իսկ երկխոսություն, ըստ նրա, չի լինելու:
«Ներկայիս իշխանության հարատևության բանալին ատելության մթնոլորտն է, և եթե լինի այն միջավայրը, որտեղ իրենց բոլոր սխալները, բացթողումներն արդարացնում են նախկիններով, սևերով, մութ ուժերով, այս իշխանությունը որևէ պատասխան չի ունենալու, որ տա: Նա չի կարող բացատրել այս ցույց անող անասնապահներին, թե ինչու են ուզում նրանց եկամուտը խլել: Չեն կարողանալու ՀՀ բնակչությանը բացատրել, թե ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ գազը չի թանկացել, չի թանկանալու, իսկ օրերս հաստատվեց, որ սահմանին, այնուամենայնիվ, գազը թանկացել է, և բացատրում են, որ ոչ մի ողբերգություն չկա»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Երբ ասում եք՝ հնարավոր չէ երկխոսել, ապա ձեր կողմից փակում եք դուռը: Այո՛, շատ կետերի հետ համաձայն եմ, ծննդատների աշխատակիցները, անասնապահներն ասում են, որ 1.5 տարի առաջ նշվեց, որ արդարություն է լինելու, բայց արդարության ֆոնին՝ ստացվում է, որ օրենքով ինչ-որ մասսա պարգևավճար է ստանում, իսկ մյուս մասսան օրենքով պետք է տանի, սպանդանոցներին փող տա, որ իր անասունները մորթեն: Օրենքով՝ մի հիվանդանոց ստանում է իքս գումար, իսկ մյուսը պետք է փակվի: Բայց ստացվում է այնպես, որ մի մասի համար օրենքը լավ է, մյուս մասի համար՝ վատ: Իսկ սա դեռ չի նշանակում, որ փակ է ամեն ինչ: Եթե բոլորս ասենք, որ փակ է ամեն ինչ, նպաստում ենք այդ ատելության մթնոլորտին: Երկու կողմերում էլ ֆեյքերի բանակ կա, դա զզվելի է: 20 տարուց ավելի է՝ քարոզվում էր ինչ ասես: Հիմա, որ մեղադրում եք մարդկանց, ապա ինչ տրվել է նրանց, այդպես էլ աճել են»,- նկատեց Կարեն Քոչարյանը: