Ուհանում թոքաբորբից զոհերի թիվը հասել է վեցի
Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել է վեցի: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների հայտարարությունը։
Հիվանդացածների թիվն անցած 24 ժամվա դրությամբ Ուհանում հասել էր 258-ի:
Ապաքինվել եւ դուրս է գրվել 25 հոգի, հոսպիտալներում բուժընթաց են անցնում 227-ը, նրանցից միջին ծանրության եւ ծանր վիճակում է գտնվում 51 հիվանդ, օրհասական վիճակում է 12 մարդ: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը շարունակում է աճել եւ հասել է 291-ի:
Այս տվյալները հունվարի 21-ին տարածել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 77 նոր դեպք է գրանցվել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի նահանգում, Պեկինում եւ Շանհայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: