«Թավշյա Հայաստանում արդեն իսկ կա կասկածելի պայմաններում մահացած 3 բարձրաստիճան սպա». Նարեկ Մանթաշյան

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, հնարավոր է՝ նախկինում այնպիսի արարք է կատարել, որի բացահայտման դեպքում, հնարավոր է՝ խիստ պատժի ենթարկվեր, կամ չի կարողացել բավարարել ընտանիքի այնպիսի կենսամակարդակ, որն արել է պաշտոնյա ժամանակ։ Ես չգիտեմ՝ նա աշխատո՞ւմ էր, եկամուտ ունե՞ր, թե՞ ոչ»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա հավելեց. «Հոգեբան Զիգմունդ Ֆրեյդը համոզեց բոլորին, որ 40 տարեկանին մոտ տղամարդկանց մեծ մասը դեպրեսիայի մեջ է, և վարքի շեղումները դրա հետևանքով են: Ոչ ոք չի ժխտում, որ ինքնասպանություն կատարում են լարված հոգեկան իրավիճակում։ Նա ըմբոստ է եղել. ո՞ւմ է կրակել՝ իր երևակայական թշնամիներին»։

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանը չկիսեց այն կարծիքը, որ սա կարող է լինել սոցիալական հողի վրա։

«Չեմ կարծում, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կունենար սոցիալական խնդիր, որը կհանգեցներ ինքնասպանության։ Խնդիրն ավելի շատ իրավական հարթության մեջ է, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է մահը վրա հասել։  Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Շատ ավելի հակված եմ հենց այդ տեսակետին։ Ինչ վերաբերում է իշխանությանը, կհիշենք, թե ինչպես ՀՀ վարչապետը Կուտոյանին շնորհակալություն հայտնեց հեղափոխական շրջանում լոյալ վերաբերմունքի համար, սակայն քամահրական վերաբերմունք ցուցաբերեց՝ չմասնակցելով հոգեհանգստին: Ցավակցական որևէ խոսք չասել առաջին օրերին և հետո ասել, որ՝ ցանկացած քաղաքացու մահն ինձ համար սուգ է, դա նորմալ չէ։ Հանրության շրջանում ևս ատելության մթնոլորտ է. ինչ կարծիք ասես՝ գրում էին։ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով ի պաշտոնե կոչված է հասարակական համերաշխություն սերմանել, նա փաստացի մեկ այլ պաշտոնյայի մահ էր գուժում։ Այդ նույն անձնավորությունը գաղջ մթնոլորտ ստեղծել է 2008թ. մարտի մեկի դեպքերի ժամանակ. ըստ «Վիկիլիքսի»՝ Անահիտ Բախշյանի հետ մանկան կոշիկ էին ցուցադրում, հայտնում, որ արդեն կա զոհված երեխա, կա 3-6 զոհ»,- նշեց Նարեկ Մանթաշյանը։

Նա մտահոգիչ ևս մեկ փաստ արձանագրեց. «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ թավշյա Հայաստանում արդեն իսկ կա կասկածելի պայմաններում մահացած 3 բարձրաստիճան սպա։ Սա բավականին մտահոգիչ է»։

Տեսանյութեր

Լրահոս