Վլադիմիր Պուտինը Դմիտրի Խառատյանին շնորհավորել է հոբելյանի առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դերասան, պրոդյուսեր եւ երգիչ Դմիտրի Խառատյանին շնորհավորել է 60-ամյա հոբելյանի առթիվ: Հեռագրի տեքստը հունվարի 21-ին հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Շռայլ, բազմակողմանի տաղանդի եւ հսկայական դրական էներգիայի շնորհիվ դուք հաջողության եք հասել դերասանական ասպարեզում, հանդես եք եկել որպես հիանալի կատարող, նվաճել էստրադայի ու կինեմատոգրաֆի հավատարիմ երկրպագուների անկեղծ սերը»,- նշել է նախագահը:
Պուտինը ստեղծագործական նոր նվաճումներ, առողջություն եւ ամենայն բարիք է մաղթել Խառատյանին: Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հունվարի 21-ին իր 60-ամյակը համերգով կնշի Պետերգուրգում, եւս մեկ հոբելյանական համերգ կկայանա փետրվարի 12-ին Մոսկվայի Կրեմլի պալատում:
«Հոբելյանս կնշեմ Պետերբուրգում՝ «Օկտյաբրսկ»-ում կայանալիք համերգով, Մոսկվայում հոբելյանական համերգը տեղի կունենա փետրվարի 12-ին Կրեմլի պալատում: Եվս մեկ համերգ կտամ Մերձմոսկվայի Կրասնոգորսկում, որտեղ ես ապրում եմ: Այս անգամ հոբելյանս նշելու եմ բոլորի հետ, ինձ համար կարեւոր ու թանկ բոլոր վայրերում, իմ փոքր ու մեծ հայրենիքներում: Իմ հոբելյանական շրջագայությունն, ըստ էության, սկսվում է հունվարի 21-ին: Այնուհետեւ Եվրոպա՝ Ստոկհոլմ, Մերձբալթիկա, Բելառուս, հուսով եմ Հայաստան՝ պատմական հայրենիք, նույնպես կմեկնեմ»,- պատմել է Խառատյանը:
Դերասանի մոտակա ծրագրում հոբելյանական շրջագայությունն է, իսկ ամռանն ու աշնանը նա կշարունակի նկարահանումները Սվետլանա Դրուժինինայի «Գարդեմարիններ» ֆիլմում: Դմիտրի Խառատյանը ծնվել է 1960 թվականին Տաշքենդի մարզի Ալմալիկ քաղաքում: Համամիութենական ճանաչում է ձեռք բերել դպրոցական տարիներին, երբ 1976 թվականին էկրան բարձրացավ Վլադիմիր Մենշովի «Խաղարկություն» ֆիլմը, որտեղ Խառատյանը խաղացել է 9-րդ դասարանի աշակերտ Իգոր Գրուշկոյի դերը: Խառատյանը նկարահանվել է 85 ֆիլմերում, մասնավորապես, «Գարդեմարիններ, առաջ», «Վիվատ, գարդեմարիններ», «Իֆ դղյակի բանտարկյալը», «Մարգո թագուհին», «Կանաչ ֆուրգոն» եւ այլ ժապավեններում: