Էդուարդ Թոփչյանը և «Հովեր» երգչախումբը համերգով հանդես կգան Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավեր է ստացել ղեկավարելու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը: Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում կայանալիք համերգին Թոփչյանի հետ հանդես կգա նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր և խմբավար Սոնա Հովհաննիսյան:
Համերգները տեղի կունենան հունվարի 24 և 25-ին Politeama Garibaldi թատրոնում: Ծրագրում կհնչեն Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան: Համերգին մասնակցում են Միխայիլ Ռիսսովը (բաս), Սալվատորե Մագացցուն (շեփոր), Մարիա Գրացիա Դ՛Ալեսսիոյին (անգլիական եղջերափող):
«Ուրախ եմ կրկին ելույթ ունենալ Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ, այն էլ՝ այսպիսի գեղեցիկ ու յուրահատուկ ծրագրով: Ներկայացնելու ենք Շոստակովիչի «Բաբի Յառ» սիմֆոնիան, որը երաժշտական ու դրամատուրգիական առումով շատ բարդ ու ազդեցիկ ստեղծագործություն է: Կրկնակի ուրախ եմ, որ այդ գործը կատարելու ենք «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ: Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարչելլո Պաննին ինձ խնդրեց «Բաբի Յառ»-ի կատարման համար ռուսերենին լավ տիրապետող և ճիշտ շեշտադրությամբ երգող երգչախումբ առաջարկել, և իմ ընտրությունը կանգնեց «Հովեր»-ի վրա: Այս երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, իմ երկար տարիների հավատարիմ գործընկերն է, ես բարձր եմ գնահատում գործի հանդեպ նրանց պատասխանատու վերաբերմունքն ու մասնագիտական բարձր որակները: Մեծ անհամբերությամբ եմ սպասում Պալերմոյում կայանալիք մեր ելույթներին»,-նշել է Թոփչյանը:
«Հովեր» երգչախմբի հիմնադիր, ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի խոսքով`երգչախմբի հետ աշխատանքներն ամբողջովին ավարտված են: «Այս ստեղծագործությունը ներկայացնելու ենք «Հովեր»-ի բաս-բարիտոնների կազմով, որը համալրվել է կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի ուսանողներով և Ազգային ակադեմիական երգչախմբի հրավիրյալ երգիչներով: Երաժշտական առումով պատրաստ լինելուց բացի, խորապես ուսումնասիրել ենք ստեղծագործության նախապատմությունը: Հատկապես ուրախ ենք, որ այս ծրագիրն իրականություն կդառնա Թոփչյանի ղեկավարությամբ. նա մեր ամենանախընտրելի դիրիժորներից է: Անհամբերությամբ սպասում եմ հայ և իտալացի երաժիշտների համատեղ փորձերին»,-շեշտել է Հովհաննիսյանը:
Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին համերգները կայացել են 2019 թվականիի մարտի 15 և 16-ին: Ծրագրում հնչել է Շոստակովիչի Թիվ 6 սիմֆոնիան, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի Լյա մինոր թավջութակի կոնցերտը և Մոցարտի Լյա մաժոր կլարնետի կոնցերտը, մենակատարներն են եղել թավջութակահար Լուդովիկա Ռանան և կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն: