
Արարատի մարզում նախատեսվում է բարեկարգել մի շարք պոլիկլինիկաներ

Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում նախատեսվում է վերանորոգել բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով:
«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում այս մասին գրել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Այս ամենը կարողանում ենք մեզ թույլ տալ մարզի բուժհաստատությունների պարտքերի վերացման, համավճարով և վճարովի ծառայությունների մուտքերի գումարների ավելացման շնորհիվ: Արտաշատի ԲԿ-ում 2018 թվականին ունեցել ենք 216 միլիոն կրեդիտորական պարտք, որն այս պահին զրոյացված է: 2019 թվականին այս ԲԿ-ում մուտքերը կազմել են 422 միլիոն դրամ»,- նշել է Սարգսյանը:
Նա նշել է, որ շենքային պայմաններին ծանոթանալու համար այսօր այցելել է Արտաշատի պոլիկլինիկա և հավելել, որ անելիք աշխատանքներն այնտեղ շատ են:
«Առաջիկայում կկազմվի նախագծանախահաշվարկ, որից հետո մրցույթ կանցկացվի, և կսկսվեն շենքի վերանորոգման աշխատանքները՝ փուլային եղանակով: Ի դեպ, մարզի մյուս պոլիկլինիկաների շենքերի բարեկարգում նույնպես դիտարկում ենք: Համապատասխան ուսումնասիրություններ են արվում, որից հետո միայն կհասկանանք այդ պոլիկլինիկաներում նույնպես վերանորոգում սկսելու ժամկետները: Հասնելու ենք նրան, որ մարզում բարեկարգ բուժհաստատություն ունենալը երազանք չլինի»,- գրել է Արարատի մարզպետը: