Չինաստանում թոքաբորբի ավելի քան 130 նոր դեպք է արձանագրվել
Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգ) բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք, որի աղբյուրը նախկինում անհայտ կորոնավիրուսն է: Եվս երկու մարդ է հայտնաբերվել Պեկինի նոր օդանավակայանում այն ուղեւորների թվում, որոնք ժամանել էին Ուհանից, մեկ հիվանդ՝ Գուանդունի հարավային նահանգում։
Անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանալու պատճառը դարձել է կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակը:
Վերջին տվյալներով՝ Ուհան քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198-ի, մինչ այժմ արձանագրվել է հիվանդությունից մահվան երեք դեպք: 25 մարդ դուրս է գրվել, 170-ը բուժվում է բժշկական հիմնարկություններում: 35-ի վիճակը գնահատվում է՝ ծանր, ինը հոգի գտնվում է օրհասական վիճակում, 126 պացիենտի մոտ հիվանդության թեթեւ ձեւ է: Եվս 90 մարդ գտնվում է կարանտինում:
Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ առայժմ արձանագրված չէ վիրուսի փոխանցում մարդուց մարդու: Դրա հետ մեկտեղ, հիվանդանալու դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Թաիլանդում եւ Ճապոնիայում:
Բրիտանացի փորձագատները համոզված են, որ իրականում հիվանդացածների թիվը հասել է 1,7 հազարի , հաղորդել է BBC հեռուստառադիոկորպորացիան: Այն վկայակոչել է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: