Բաժիններ՝

Versace իտալական նորաձևության տունը հրաժարվել է կենգուրուի կաշվի օգտագործումից

Versace իտալական նորաձեւության տունը LAV կազմակերպությունից կենդանիների իրավունքների պաշտպանների ճնշման ներքո հրաժարվել է կենգուրուի կաշվի օգտագործումից իր հավաքածուները պատրաստելիս։

Ընդ որում, հայտնի բրենդը, ինչպես հայտնել է The Guardian թերթը, ի լուր ամենքի չի հայտարարել այդ արգելիչ միջոցառման մասին, սակայն թույլ է տվել, որ դա արվի իրավապաշտպանների կողմից: «Մենք դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես չենք եկել, սակայն կարող ենք հաստատել, որ վերջնականապես դադարեցրել ենք կենգուրուի կաշվի օգտագործումը՝ սկսած 2019 թվականի հավաքածուներից»,- պարզաբանել են Versace-ի ներկայացուցիչները բրիտանական հրատարակությանը հղած էլեկտրոնային նամակում: Իրենց արտադրանքում կենգուրուի կաշվի օգտագործման առաջին արգելքը սահմանել է Diadora ընկերությունը՝ մարզահագուստի, կոշիկի եւ աքսեսուարների իտալական արտադրողը:

Բայց ինչպես եւ Versace-ն, Diadora-ն ձեռնպահ է մնացել հրապարակային հայտարարություններից: Եվրամիությունը, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, Ավստրալիայից կենգուրուի մսի ու կաշվի խոշորագույն ներմուծողն է, իսկ Իտալիան՝ կաշվի առաջատար ներմուծողը: Իտալական մի շարք սպորտային բրենդներ կաշին օգտագործում են ֆուտբոլային մարզակոշիկներ պատրաստելու մեջ: Երկու տարի առաջ Versace-ում հրաժարվել են բնական մորթի օգտագործել հագուստի արտադրության մեջ:

«Ես չեմ ցանկանում կենդանիներին սպանել հանուն նորաձեւության: Դա ճիշտ չէ»,-այն ժամանակ հայտարարել էր նորաձեւության տան ղեկավար Դոնատելա Վերսաչեն՝ «1843» հանդեսին տված հարցազրույցում: Versace նորաձեւության տունը իտալացի մոդելագործ եւ դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից հիմնվել է 1978 թվականին: 1997 թվականին նա սերիական մարդասպանի կողմից գնդակահարվել է սեփական տան շեմին: Նրա սպանությունից հետո բիզնեսը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում է Վերսաչեների ընտանիքը: Հիմնադրի քույրը՝ Դոնատելան, GIVI-ի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն է, նրա եղբորը՝ Սանտոյին, պատկանում է 30 տոկոսը, իսկ մնացածը պատկանում է Դոնատելայի դստերը՝ Ալեգրային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս