«Եթե պարզվի, որ ինքնասպանություն չէ, ուրեմն մենք գործ ունենք առավել մեծ սպառնալիքի հետ…». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գ. Կուտոյանի ողբերգական մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:
Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:
Ստացվում է, որ որ Գ. Կուտոյանի կինն առնվազն տեղյակ է եղել, որ Ամանորից առաջ Գ. Կուտոյանը կրակոցներ է արձակել։
Ուստի հարց է առաջանում. բացի կնոջից, ովքե՞ր են էլ տեղյակ եղել այդ կրակոցների մասին, ի՞նչ հոգեվիճակում է եղել այդ ժամանակ Գ. Կուտոյանը, ո՞րն է եղել այդ կրակոցներն արձակելու նպատակը, ինչո՞ւ չեն հայտնել այդ կրակոցների մասին, կամ եթե հայտնել են՝ ո՞ւմ են հայտնել, այդ կրակոցները կարո՞ղ էին լսած լինել հարևանները, թե՞ ոչ:
Այդուհանդերձ, եթե Կուտոյանն ինքն է կրակել, ապա ինչո՞ւ ինքը չէր հավաքել կրակված պարկուճները, որ խնդրել էր կնոջն այդ անելու։
Կամ ե՞րբ է խնդրել կնոջը: Կինն այդ պահին որտե՞ղ է եղել, ի՞նչ արձագանք է տվել այդ խնդրանքին, ո՞ւմ է հայտնել կինն այդ խնդրանքի կամ փաստի մասին։
Տարակուսելի է, որ այդ դեպքից շուրջ 20 օր անց Գ. Կուտոյանը կրկին անգամ ցանկացել է գնալ նշված բնակարան, և այդ հանգամանքը կնոջ մոտ հարցեր չի առաջացրել, կամ չի անհանգստացրել և տարօրինակ չի թվացել:
Առավել տարօրինակ է այն հանգամանքը, որ Գ. Կուտոյանը, ըստ հաղորդագրության, փորձել է գնալ այդ բնակարան՝ երկու-երեք օր հանգստանալու, այն դեպքում, երբ տոնական օրերն առավել լավ առիթ էին ընտանիքի հետ հանգստանալու համար, և որ ամենակարևորն է՝ նա նոր էր վերադարձել Հայաստան և հակառակը՝ պետք է ձգտեր առավելագույնս ընտանիքի հետ լինել։
Այնուամենայնիվ, քննության ընթացքում պետք է պարզվի, թե տան պատերին առկա կրակոցների հետքերն ի՞նչ վաղեմություն ունեն, նույն ատրճանակից են կրակվել, թե՞ ոչ, ի՞նչ նպատակով էր Գ. Կուտոյանը վերադարձել Հայաստան, նրան կանչե՞լ էին, թե՞ իր կամքով էր վերադարձել և որքա՞ն ժամանակով:
Անհրաժեշտ է նաև պարզել, թե վերադառնալուց հետո նա ո՞ւմ հետ է շփվել և ի՞նչ նպատակով:
Բացի այդ, քննությամբ պետք է պարզվի, թե ողբերգական դեպքից առաջ նա ի՞նչ հոգեվիճակում է եղել, արդյո՞ք նա ընկճված է եղել, դեպրեսիայի մեջ, եթե այո, ապա ովքե՞ր են նրան հասցրել այդ վիճակին։
Իսկ եթե պարզվի, որ ինքնասպանություն չէ, ուրեմն մենք գործ ունենք առավել մեծ սպառնալիքի հետ…»:
Քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարությունը նորանոր հարցեր է առաջացնում։…
Gepostet von Norayr Norikyan am Samstag, 18. Januar 2020