Բաժիններ՝

«Արթուրի մահվան հանգամանքները պարզելու համար կարևոր կարող է լինել վիրավոր զինծառայողի հարցաքննությունը». Փաստաբան

Դեկտեմբերի 2-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործը գտնվում է Հատուկ կարևորության գործերով քննության վարչությունում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայարփի Սահակյանը։

Հունվարի 15-ին նշանակվել է դատակենսաբանական փորձաքննություն, ինչը, ըստ փաստաբանի՝ կարևոր փորձաքննություն է։

«Արթուր Աջամյանի իրավահաջորդներն են լրացուցիչ հարցաքննվել։ Դատակենսաբանական փորձաքննության ընթացքում փորձաքննության են ենթարկվում Արթուր Աջամյանի եղունգները, ինչը շատ կարևոր է»,- շեշտեց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ ճշտվում է գործով կասկածյալների շրջանակը, այլ տեղեկություններ փաստաբանը չցանկացավ հաղորդել։

«Արթուրի հայրը գտնվում է Ֆրանսիայում՝ բուժման նպատակով, մայրը սթրեսային վիճակում է, իսկ հարազատները դեռ չեն հանդիպել նույն օրը զորամասում վիրավորում ստացած զինծառայողի հետ։ Մենք պարբերաբար տեղեկություններ ստանում ենք նրա մասին, նա դեռ չի ապաքինվել։ Միայն տեղեկություններ ունենք, որ Արթուրը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել վիրավոր զինծառայողի հետ։  Արթուր Աջամյանի մահվան հանգամանքները պարզելու համար շատ կարևոր կարող է լինել վիրավոր զինծառայողի հարցաքննությունը, քանի որ այս պահին գիտակցության չէ»,- եզրափակեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս