Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից
Անհայտ հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մաի-Նդոմբե գավառում 5 մարդու կյանք է խլել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Բոլոր հիվանդները մահացել են Կոնգոյի Կիրի քաղաքի հիվանդանոցում: Առողջապահության նախարար Ժան Կլոդ Բոլան ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում «առեղծվածային հիվանդությունը» բացահայտելու համար:
Նա նշել է, որ սա Էբոլա վիրուս չէ և հավելել, որ իրավիճակը վերահսկվում է և տեղում մասնագետները փորձել են պարզել դեպքի հանգամանքները:
«Իմ գործընկերների հետ մի քանի նմուշ վերցրել ենք և արագ տարել Կենսաբժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտ՝ Կինշասա (մայրաքաղաք – հեղ.), համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- հայտնել է նախարարը:
Նա նաև տեղեկացրել է, որ շուտով Կիրի քաղաք պետք է ժամանի տվյալ ինստիտուտի մասնագետների խումբ՝ բոլոր հիվանդներին ավելի արագ խնամելու և օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև շտապ բացահայտելու հիվանդության ծագումը: