«Գեորգի Կուտոյանի բնակարանի սենյակում թվով 40-ից ավելի պարկուճներ են եղել, ավստրիական ծագման զենք»
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորմամբ, հայտնաբերելու մասին տեղեկությունը առաջինը հայտնեց Քննչական կոմիտեն: Հավելյալ տեղեկություն Քննչական կոմիտեն հայտնեց դեպքի վայրում մոտ 4 ժամ ուսումնասիրություն իրականացնելուց հետո:
«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է եղել՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից տրված: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ այն սենյակում, 40-ից ավելի պարկուճներ, որտեղ դին հայտնաբերվել է, պատերին կան վնասվածքներ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի՝ բոլոր գործողությունները, որ կատարվել են դեպքի վայրում, արվել են Կուտոյանի կնոջ և հոր ներկայությամբ: Եվ, բացի մասնագետներից ու քննիչներից, զննությանը այլ մարդ ներկա չի եղել:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար: Արարքի համար օրենքով սահմանված է ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այդուհանդերձ, ՔԿ-ի փոխանցմամբ՝ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է այս պահին եղած տվյալների հիման վրա: Բայց առաջ են քաշվելու այլ վարկածներ, և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի այլ հոդվածի հատկանիշներով: Այդ ամենը կպարզվի փորձաքննության ու նախատեսված այլ քննչական գործողությունների արդյունքում:
Հարցին, թե արդյո՞ք սենյակում եղած 40-ից ավելի պարկուճները արձակվել են այնտեղ հայտնաբերված GLOCK տեսակի ատրճանակից, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը հստակ պատասխանել դեռ չէր կարող: Դա ցույց կտա ձգաբանական փորձաքննությունը:
ՔԿ-ից նաև հստակ չպատասխանեցին մամուլում շրջանառվող լուրերին, թե Գեորգի Կուտոյանի դիակի կողքին հայտնաբերվել է դատարկ կոնյակի շիշ:
«Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե՞ ոչ»,- ասաց Արթուր Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի՝ Կուտոյանի դիմածնոտային հատվածում արտաքին զննությամբ հրազենային վնասվածքի նման վիրավորում չի հայտնաբերվել: Արտաքին զննությամբ հրազենային մեկ նման վնասվածք է հայտնաբերվել քունքի շրջանում:
Գործով դեռ ավարտված հարցաքննություն չկա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է https://168.am/2020/01/17/1239070.html Պարույր Սևակի 8/1 հասցեում գտնվող նրա բնակարանում: Ամուսնու դին հայտաբերել է կինը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում