Բաժիններ՝

«Աչաջուրի ծննդատունը պետք է դադարի ծառայություններ մատուցել». Արսեն Թորոսյան

Այսօր Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով որոշ ծննդատների փակման հետ կապված հանրության դժգոհություններին՝ նշեց, որ այդ որոշումը չի ցանկանում որևէ կերպ որակել, քանի որ նման որոշում կայացնելը պայմանավորված է միայն ծննդօգնության ծառայության մատուցման որակի բարձրացմամբ։

«Վերջին օրերի քննարկումների արդյունքում, հավանաբար, Եղվարդի ծննդատան մասով նորից գործընթաց կիրականացվի, այսինքն՝ նրանք նորից կդիմեն պետական պատվերի տեղադրման համար, քանի որ մինիմալ թիվն ունեն մեր սահմանած չափանիշերի։ Մյուս ծննդատների մասով չեմ կարող նույն բանն ասել, քանի որ նրանք շատ հեռու են թե՛ պայմաններից, թե՛ թվային ցուցանիշներն ապահովելուց։ Առողջապահությունը բարելավմանն ուղղված քայլեր իրականացնում է այն հաստատություններում, որոնք դրա կարիքն ունեն»,- նշեց նախարարը։

Ըստ նրա, այս պահին չկան կրճատված բուժաշխատողներ, քանի որ ծննդատան աշխատողները համատեղության կարգով բժշկական կենտրոններում իրականացնում են նաև այլ աշխատանք։ Նախարարությունը պատրաստ է քննարկել այն բուժաշխատողների հարցը, որոնք չեն աշխատում, նրանց որևէ բժշկական կենտրոնում աշխատանքի տեղավորելու համար։

Ինչ վերաբերում է Աչաջուր համայնքի ծննդատանը, Արսեն Թորոսյանն ասաց. «Տարեկան այնտեղ ծնվում է 78 երեխա, և այն պետք է դադարի ծառայություններ մատուցել։ Դժբախտաբար, այս մասով կզբաղվենք առանձին, թե ինչպես էր եղել, որ խախտվել էին սանիտարահամաճարակային պայմանները, և օպերատորն իր միկրոֆոնով հայտնվել էր ծննդատան սենյակում»։

Ինչ վերաբերում է ապօրինի որդեգրման դեպքերին, Առողջապահության նախարարն ասաց, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում կանոնակարգում է ծննդօգնության ծառայությունների մատուցումը, թե ինչպես է պետք հաշվառման վերցվեն, ծննդաբերությունն ինչպես պետք է տեղի ունենա, որի մեջ ներառում են նաև այնպիսի կետեր, որոնք կարգելեն բուժաշխատողի և ապագա մոր կամ նրա հարազատների միջև ոչ օրինական հարաբերությունները։

«Այժմ փորձում ենք կանխել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե, օրինակ՝ որտեղ է իրենց մահացած երեխաների դիակը, այդ մասը կանոնակարգման առումով մի քիչ բաց էր»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս