Գողություն՝ վերամբարձ կռունկով. 4 անձինք բռնվել են դեպքի վայրում
Հունվարի 14-ին, ժամը 18-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Արին-Բերդի փողոցում, չշահագործվող գործարանի տարածքից, վերամբարձ կռունկով գողություն են անում:
Ոստիկանների արագ և օպերատիվ արձագանքման արդյունքում հանցամիտները, որ չորսն էին, րոպեներ անց հենց դեպքի վայրում բռնվեցին:
Իրավապահները Արին-Բերդի փողոց էին հասել այն պահին, երբ նրանք բացել էին նշված տարածքի դարպասը և պահեստից «Դեու» մակնիշի բեռնատարին բարձել երկաթե 11 կոնստրուկցիա:
Գործը նախաձեռնողները երկուսն էին` մեկը` Արցախի փողոցից, մյուսը` Շինարարների: Նրանց, կռունկավարի ու բանվորի հետ, բեռնատարով հանդերձ, քրեկան հետախույզները բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:
Կասկածվողները ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: