Ուղիղ եթերի հեռարձակումը ծնարանից հղի է մի շարք վտանգներով. Առողջապահության նախարարություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով 5-րդ ալիքի ուղիղ եթերում Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից հեռարձակմանը:
«Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքիվ։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), կարող է մեծացնել ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը՝ վտանգելով ինչպես ծննդկանի, այնպես էլ նորածնի առողջությունը:
Բացի այդ, համաձայն նույն օրենսդրության, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում այցելուների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր հղիի, ծննդկանի և ծննդաբերի համար մեկ այցելու, այն էլ, եթե առկա է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթուղթ: Այնինչ ակնհայտ է, որ արտակարգ մաքուր գոտում ներկա են առնվազն երկու անձ (լրագրող և օպերատոր):
Երևույթը մտահոգիչ է նաև այն տեսանկյունից, որ հանրապետությունը ներկայումս գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում, իսկ ծննդաբերության ժամանակ ստեղծված էին բոլոր «նպաստավոր» պայամանները ծննդկանի և նորածնի գրիպով և սուր շնչառական վարակներով վարակվելու տեսանկյունից, իսկ սահմանափակող միջացառումները, մասնավորապես՝ սեզոնի ընթացքում, սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:
Հաշվի առնելով, որ ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում ծննդկանի և նորածնի անվտանգությունն ու առողջությունն ապահովելն առաջնահերթություն ու գերխնդիր է, իսկ այլ անձանց ներկայությունը ծնարանում կարող է վտանգել ինչպես այդ պահին ծննդաբերող կնոջ և նորածնի առողջությունը, այնպես էլ հաջորդ ծննդաբերության ընթացքում պարունակել ներհիվանդանոցային վարակների ռիսկեր, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակների տարածման տեսանկյունից՝ հորդորում ենք զսպել քաղաքական դիվիդենտներ հավաքելու անհագ ցանկությունը և վտանգի չենթարկել մարդկանց առողջությունը»։