«Սա էթիկա է, որն այդ ընտանիքը չունի, և նորմալ է, որ վարչապետի դուստրը Վանեցյանի հետ «Արթուր ջան»-ով է խոսում, լավ է՝ Արթուրիկ չի ասել». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» հ/կ ղեկավար Նարեկ Սամսոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարչապետի ընտանիքի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև ծավալված հեռահար բանավեճին, շեշտեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին չի խնայում, և այսօր Հայաստանում տեղի է ունենում մի բան, որը երբևէ տեղի չի ունեցել նախկին նախագահների օրոք։

«Դուք երբեք չեք տեսնի, որ Ֆրանսիայի նախագահի կինը զբաղվի քաղաքականությամբ, կամ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների կանայք։ Դուք տեսե՞լ եք, օրինակ, Բելա Քոչարյանը, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը կամ Ռիտա Սարգսյանը զբաղվեն քաղաքականությամբ, սա էթիկա է, որն այդ ընտանիքը չունի, և նորմալ է, որ վարչապետի դուստրը Վանեցյանի հետ «Արթուր ջան»-ով է խոսում, լավ է՝ Արթուրիկ չի ասել։ Այս ընտանիքը եկել է, «գյորմամիշի» նման ընկել է մի տեղ, որտեղ հավեսով խոսում է ամեն ինչից, մենք սրա հետ գործ ունենք։ Սա Հայաստանում հակաքաղաքակրթական տարրեր է մտցնում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Անդրադառնալով այսօր Քննչականում քննիչի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած սելֆիին՝ Նարեկ Սամսոնյանը պաշտոնապես հայտարարեց, որ, եթե երբևէ առնչություն ունենա քննչական մարմինների հետ, ապա իրեն քննող քննիչի հետ անպայման սելֆի է հրապարակելու։

«Եթե տվյալ քննիչը մերժի ինձ հետ սելֆի անել, ապա պետք է հիմնավորի, թե ինչու է մերժում, եթե ասի, որ այն ապօրինի է, ապա կա՛մ այն գնդապետ քննիչն էր Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի լաթը, կա՛մ այն քննիչը, որն ինձ չի թողնում իր հետ սելֆի անեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը տեղում ապօրինություն է անում, և տեղում դրա դեմը չեն առնում քննիչները, ապա նա ոչնչություն է և անկարող է արդարադատություն իրականացնել։ Կհրաժարվեմ ցուցմունք տալ այն քննիչին, որն ինձ հետ սելֆի չի անի»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել էր քննչական կոմիտե և պատասխանել քննիչի հարցերին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել վարչապետը և կից հրապարակել լուսանկար, որտեղ երևում էր նրան հարցաքննող քննիչը։

 

Տեսանյութեր

Լրահոս