Բաժիններ՝

«Երեկ դժվար ծնունդ ենք ընդունել, և եթե մենք չլինեինք, հնարավոր է` կորցնեինք ծննդկանին. Եթե տանեին Գյումրի, ճանապարհին կարող էր երկար չդիմանալ». Մարալիկի ծննդատան մանկաբարձ

Մարալիկում ծննդատունը չի փակվի, ուղղակի պետք է այնտեղ ապահովեն Առողջապահության նախարարության սահմանած պայմանները և շարունակեն աշխատել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի ծննդատան մանկաբարձ Հերմինե Հանիսյանը։

Ըստ նրա՝ հասկացել են, որ Առողջապահության նախարարն իսկապես պայքարում է մայրական և նորածնային մահացությունների դեմ։

«Ճիշտ է, մեր ծննդատանը մահեր չենք գրանցել, բայց եթե պահանջում են` պետք է ապահովենք պայմանները և շարունակենք աշխատել։ Մեծամասամբ ծննդատանը մասնագետների խնդիր է, եթե մասնագետ ունենք, ապա մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Մոտ օրերս Շիրակի մարզպետը կանդրադառնա մեր այս հարցին և այն կլուծի, մարզպետին վստահում ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հունվարի 1-ից մինչև օրս Մարալիկի ծննդատունն ընդունել է վեց ծնունդ։ «Երեկ էլ դժվար ծնունդ ենք ընդունել, և եթե մենք չլինեինք, հնարավոր է՝ կորցնեինք ծննդկանին, քանի որ նրա վիճակը վատ էր, և ծննդատան չլինելու դեպքում պետք է տանեին Գյումրի, իսկ ճանապարհին կարող էր երկար չդիմանալ։ Հիմա մոր և նորածնի հետ ամեն ինչ լավ է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին մարալիկցիները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով չփակել համայնքի ծննդատունը, քանի որ իրենց համար գյուղից Գյումրի հասնելը շատ դժվար է։ Մարալիկ մեկնած Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը ճանապարհը փակած բնակիչներին խոստացավ, որ հարցը կքննարկեն մարզպետարանում, որից հետո էլ նրանք ճանապարհը բացեցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս