Բաժիններ՝

«Օդանավի սրահում իսկապես ամեն ինչ վճարովի է». նախկին փոխնախարարը՝ Ryanair-ի առաջին չվերթի մասին

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է RyanAir-ի Երեւան-Միլան առաջին թռիչքին:

«Եվ այսպես. Երեւան-Բերգամո/Միլան-Երեւան առաջին չվերթը Ryanair բյուջետային ընկերության կողմից, չվերթ, որը եւ՜ շատ սպասված էր, եւ՜ շատ քննարկված։Երկու դրվագի մասով փոքրիկ անդրադարձ եմ ցանկանում կատարել՝ վերգետնյա ծառայությունների մասով եւ բուն թռիչքայինի։

Մոտենալով օդակայանի ուղեւորների հաշվառման սպասարկման սեղանին միանգանից նկատում ես, որ սպասարկողները սովորականից էապես շատ ավելին են, եռուզեռի մեջ են, մի փոքր դիտարկելով էլ հասկանում ես, որ մարդիկ ամեն կերպ ջանում են իրենց համար էլ անծանոթ կարգ ու կանոնով սպասարկումը իրականացնելու համար։ Ձգտումը, անշուշտ, դրվատելի էր, բայց մյուս կողմւց էլ ակնհայտ էր, որ անձնակազմը տակավին պատրաստ չէր ընկերության չափորոշիչներով աշխատանքին։ Սրանով էր բացատրում մեծ թվով աշխատակիցների ներգրավումը հաշվառման գործընթացին, բայց մենք ուղեւորներով ունեինք թվական ակնհայտ գերակշռություն եւ շատ բարեհաջող համատեղ հաղթահարեցիք առաջին փուլը՝ գրանցումը եւ ուղեբեռի հանձնումը։)

Հաշվառման սեղանից ոչ հեռու կանգնած էին Ryanair֊ի երկու ներկայացուցիչները, որոնց մեր չվերթի հաշվառման աշխատակիցները անընդհատ դիմում էին՝ պարզաբանումների համար։ Մասնավորապես պարզաբանվող հարցերից մեկն էլ ցույց տվեց, որ չվերթը սպասարկվում է ոչ փոխադրողի՝ Ryanair֊ի հաշվառման ծրագրով, այլապես հաշվառում վարող աշխատակիցը կիմանար, որ տվյալ ընկերության համար հանձնվող ուղեբեռի առավելագույն թույլատրելի քաշը չի կարող գերազանցել 20,9 կգ֊ը մեկ կտորի համար (առավել տարածված է 23կգ նորմը) եւ այլն։

Անպատրաստվածության դրսեւորում էր նաեւ այն, որ նստեցումից հետո վերգետնյա ծառայության աշխատակիցները մի քանի փորձով ջանուն էին ինքնաթիռի սրահում հայտնաբերել հաշվառված, բայց այդպես էլ ինքնաթիռի սրահում չհայտնված երկու ուղեւորի։ Ինչեւէ, նրանց այդպես էլ չհայտնաբերելով, նաեւ պայմանավորված իտալացի կարգավարների գործադուլով՝ 30 րոպե ուշացումով սահուն ու վստահ օդ բարձացանք։

Ինքնաթիռի մասին.

Boeing 737-800, կարելի է ասել նոր, շահագործման էր հանձնվել 2018 թվականի հունվարին, ուներ Մալթայի գրանցում, ամենայն հավանականությամբ տրված է շահագործողին (Ryanair) կառավարման։

Ինչպես եւ սպասվում էր, սրահը մի փոքր այլ էր. նստարանները նեղ էին, շարքերը խիտ, չծալվող, սանհանգույցը սաստիկ նեղվածք. իհարկե ես արտաքնոցների մասնագետ չեմ, բայց աներկբա է, որ100 կգ եւ ավելի քաշ ունեցողների համար այն օգտագործելը սաստիկ դժվար կլինի։) Սրահում որեւէ զբաղվելու հնարավորություն եւս չկա, նույնիսկ ինչ֊որ տպագիր նյութեր, ամսագրեր, թերթեր եւ այլն, անվտանգության ծանուցման թերթիկը երկրորդ անգամ ոչ մի կերպ չէր կարդացվում։

Անձնակազմը բավականին սիրալիր էր ու ժպտադեմ, նաեւ հումորով։ Իտալուհի բորտուղեկցորդուհուն առաջարկեցի լուսանկարվել՝ ի նշանավորումն առաջին համատեղ թռիչքի, ինչին հետեւեց պատասխանը, թե դա լրացուցիչ վճար է եւ տոմսի մեջ ներառված չէ, հետո թե կներեք չի կարելի։

Օդանավի սրահում իսկապես ամեն ինչ վճարովի է, օգտվելու դեպքում էլ, վերջում պարտավոր էիր սննդային մնացորդներն ու աղբը ձեռքիդ հասնել ինքնաթիռի առաջնամաս՝ հատուկ տարայի մեջ այն նետելու համար։

Թռիչքի ամբողջ ընթացքը բավականին հանգիստ անցավ, վայրէջքը կոշտ էր, դրան նպաստեց նաեւ աջ կողային քամին։ Հատկանշական է, որ երբ օդաչուներից որեւէ մեկը օգտվում էր սանհանգույցից, օդաչուների խցիկ էր մտնում ավագ բորտուղերկցորդուհին մյուս օդաչուին մենակ չթողնելու նպատակով՝ համաձայն եվրոպական ավիացիոն անվտանգության նորացված հրահանգի, որը ներդրվեց մի քանի տարի առաջ ցավալի աղետից հետո, երբ հայտնի եվրոպական ընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվեց, իսկ հետաքննությունը հետագայում պարզեց, որ խցում մենակ մնացած օդաչուն կանխամտածված ինքնաթիռը տարել է կործանման՝ գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ։

Եթե ամփոփելու լինենք, առավելագույնս անվտանգ էր թռիչքը, որի գրավականը, ըստ էության առավելապես նոր ինքնաթիռն էր, թեկուզ եւ պակաս հարմարավետ։ Հուսանք, որ ժամանակի ընթացքում էլ Զվարթնոցի վերգետնյա սպասարկող ծառայությունները կհարմարվեն նոր փոխադրողի կարգ ու կանոնին։

p.s. Վայրէջքից հետո, երբ բացվեց ինքնաթիռի դռնակը ներքեւում Բերգամոյի օդակայանի աշխատակիցն էր՝ հայկական եռագույնով։ Հաճելի էր»,- գրել է Արսեն Քարամյանը:

Եվ այսպես. Երևան֊Բերգամո/Միլան֊Երևան առաջին չվերթը Ryanair բյուջետային ընկերության կողմից, չվերթ, որը և՜ շատ սպասված էր,…

Gepostet von Արսեն Քարամյան am Dienstag, 14. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս