Սա նոր և մտահոգիչ երևույթ է. Սամվել Մարտիրոսյան. «Փաստինֆո»
Օգտահաշիվները կոտրելու հետ կապված մի քանի բան է աշխատում։ Առաջինը դա արտաքին վտանգն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Antifake. am և Politik. am կայքերի խմբագիրների օգտահաշիվները կոտրելուն, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի էլ. հասցե մուտք գործելուն։
«Արտաքին վտանգն ադրբեջանական և թուրքական հաքերներն են, որոնք այս օրերին ակտիվանում են, որովհետև Բաքվի օրերն են, որ հունվարի 20-ին նշում են։ Բայց, իհարկե, սա հիմնական գործոն չէ, որովհետև լրագրողների դեպքում ակնհայտ է՝ կարող է ներքաղաքական լինել»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով՝ փորձը ցույց է տալիս, որ հարձակումները հայաստանյան IP հասցեներից նույնպես լինում են. «Այսինքն գործ ունենք նաև ներքաղաքական պայքարի հետևանքով կիբերհարձակումների հետ, ինչը բավական նոր և մտահոգիչ երևույթ է Հայաստանում»,-հավելեց մեդիափորձագետը։
Դիտարկմանը, որ լրագրողներն իրենց օգտահաշիվները կոտրելու կապում են նաև հատուկ ծառայությունների հետ, արդյոք կարող են նրանք այս ամենի հետևում կանգնած լինել, Սամվել Մարտիրոսյանն արձագանքեց. «Կարող է լինեն։ Քանի հայտնի չէ՝ ով է արել, իսկ դա հայտնի չէ, մենք պետք է նաև հաշվի առնենք, որ կարող է հատուկ ծառայությունների կողմից արված լինի։ Նրանք միշտ էլ կասկածյալների, այսպես ասած, թոփի մեջ են լինում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում»,-նշեց մեդիափորձագետը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: