Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել. Ո՞րն է խնդիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական համակարգի մի շարք աշխատողներ, որոնք համարվում են սոցփաթեթի շահառուներ, հայտնվել են անհարմար դրության մեջ: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ դիմում են տարբեր հիվանդանոցներ այս կամ այն գանգատով, բայց չեն կարողանում բուժում ստանալ:
Թերթը տեղեկացավ, որ սոցշահառուները, որոնք այս օրերին մոտենում են բուժհաստատություններ բուժսպասարկում ստանալու նպատակով, առանց բացառության մերժվում են: Հիվանդանոցներում նրանց հրաժարվում են սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ կա´մ «ծրագիրն է թռած, չի աշխատում», կա´մ էլ բազան թարմացված չէ, հին տվյալներով չեն կարող սպասարկել սոցշահառուներին:
Տեղեկացնենք, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան սովորաբար թարմացվում է երկու ամիսը մեկ անգամ, սակայն չի արվել: Ո՞րն է խնդիրը:
Արդյոք ՀՀ Առողջապահության նախարարությունը, ծննդատները փակելու գործընթացով պայմանավորված, գերզբաղված է եւ հասարակության մյուս շերտերի, այս դեպքում սոցշահառուների խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի՞:
Խնդրի առնչությամբ թերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը տեխնիկական է եւ առաջիկա երկու օրերի ընթացքում կկարգավորվի:
Հիմա մնում է՝ ուսուցիչները, պետական այլ ոլորտի աշխատակիցները հասկանան իրավիճակը եւ մի քանի օր հետաձգեն հիվանդությունները: Կհաջողվի՞, հազիվ թե»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: